Ընթերցե՞նք Տերյան

on

Ամերաերազկոտ ստեղծագործությունը՝

1904-1905

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,-
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,-
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

Ամենատխուր ստեղծագործությունը՝

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,

Դու դեռ ապրում ես երազի նման.

— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն

Պայծառ պատկերըդ այս անապատում…

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել

Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.

Դու, երազների լուսե օրրանում՝

Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել

Երազանքներում իմ նվիրական.

Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

Ամենաանհույս ստեղծագործությունը՝

Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ,
Նա մեզ չի բերում իր շողերը ջինջ,
Մեր վրա մռայլ կամարն է հեգնում,
Անսիրտ մեքենան ելնում ու ընկնում։
Գիշերն է իջնում հեզ ու հանդարտիկ,
Գազանն է ննջում, ննջում են մարդիկ,
Անվերջ կարիքն է մեր դուռը բախում,
Սովից մեր հոգնած սիրտը նվազում։
Անվերջ աշխատիր, տանջվիր անդադար,
Ու աշխատանքըդ ուրիշի համար.
Բավական է, վերջ. մենք էլ չենք ուզում
Սիրո երգ, անրջանք, վայելք ու հուզում,
Վեր կաց, իմ ընկեր, վե՛ր կաց,, մուրճըդ առ,
Նոր կյանք, նոր վայելք կռենք մեզ համար…

Ամենագունավոր ստեղծագործությունը՝

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից,
Ուղիներից անծանոթ, աղետներից նորանոր,
Ողջույն նորից ու նորից, նոր խնդություն, նոր թախիծ,
Եվ առավոտ անստվեր, և մեջ գիշեր սևավոր։
Սիրտ իմ, բաց ես աշխարհի և չարի դեմ, սիրտ իմ` բա՛ց
Աշխարհն արև, աշխարհն ամպ, սիրտ աղբյուր ես դու զուլալ։
Սիրտ իմ հազար ցնորքով, հազար երգով ես արբած,
Վիճակված է քեզ հնչել — երգով խնդալ, երգով լալ։
Ու խնդում է լացդ պարզ և խնդումդ` լացի պես,
Տխրություն է ամեն ինչ — երազ է և մոռացում։
Բացված ես դու, սիրտ իմ, նուրբ շուշանի պես, ծաղկի պես
Եվ արևն է այրում քեզ և մրրիկն է քեզ ծեծում…

Оставьте комментарий